Գաղափարների մշակում ChatGPT‑ով
Մշակեք գաղափարներ, համակարգեք մտքերը և ընտրված ուղղությունը վերածեք իրագործելի ծրագրերի։
ChatGPT‑ն կարող է լինել ձեր մտքերը համակարգելու գործընկերը։ Այն օգնում է արագ տարբերակներ գտնել, գաղափարները խմբավորել ըստ հստակ թեմաների և նախնական ուղղությունը վերածել իրագործելի ծրագրի։ Այն հատկապես օգտակար է, երբ սկսում եք զրոյից, փորձում կողմնորոշվել բազմաթիվ մրցակցող գաղափարների միջև կամ կազմում «առաջին տարբերակը»՝ նախքան մյուսներին ներգրավելը։
Այն չի փոխարինի իրավիճակի ձեր իմացությանը, մասնագիտական փորձին կամ դատելու կարողությանը, բայց կարող է արագացնել ու ավելի հետևողական դարձնել մտքի ընթացքը և օգնել այն ավելի հեշտ ներկայացնել ուրիշներին։
Գաղափարների մշակումը սովորաբար փակուղի է մտնում երկու պատճառով՝ կա՛մ գաղափարները բավարար չեն, կա՛մ չափազանց շատ են ու համակարգված չեն։ ChatGPT‑ն օգնում է՝ լավ կատարելով երեք բան․
Ընդլայնում է ընտրության հնարավորությունները․ այն կարող է արագ առաջարկել դիտանկյուններ, փորձարկումներ, ուղերձներ և այլընտրանքներ, որպեսզի ստիպված չլինեք սկսել զրոյից։
Համակարգում է գաղափարները․ այն կարող է դրանք խմբավորել ըստ թեմաների, առաջարկել պարզ սխեմաներ և ընդհանուր ձևակերպված նպատակները վերածել ընտրության ավելի հստակ տարբերակների։
Օգնում է ստուգել ծրագրի ամրությունը․ եթե խնդրեք գտնել ծրագրի թույլ կողմերը, այն կարող է վաղ փուլում բացահայտել ենթադրություններն ու փոխզիջումները, որպեսզի կարողանաք հստակեցնել ձեր մոտեցումը՝ նախքան ռեսուրսներ ներդնելը։
Ընդհանուր գաղափարներ խնդրելու փոխարեն՝ սահմանեք, թե ինչ եք փորձում որոշել․
«Պետք է ընտրենք առաջիկա 6 շաբաթվա արշավի հայեցակարգը»։
«Պետք է որոշենք՝ ինչն առաջնահերթ բարելավել նորեկների ներգրավման գործընթացում»։
«Պետք է ընտրենք ներդրման ծրագիր, որը համապատասխանում է մեր հնարավորություններին»։
Սա գաղափարների մշակումը դարձնում է նպատակային, իսկ արդյունքները՝ կիրառելի։
Նշեք մի քանի սահմանափակում, որպեսզի գաղափարներն ավելի իրատեսական լինեն։ Նշեք, թե ով է թիրախային լսարանը, ինչ ժամկետներ կան, ինչ ռեսուրսներ ունեք, որ հաղորդակցման ուղիներն են հասանելի և ինչպես է չափվելու հաջողությունը։ Նույնիսկ մի կարճ նախադասություն, օրինակ՝ «Սա պետք է կարողանա իրականացնել երեք հոգուց բաղկացած թիմը՝ չորս շաբաթում», զգալիորեն մեծացնում է իրագործելիությունը։
Կարող եք նաև ներկայացնել նախապատմությունը՝ ինչ եք փորձել, ինչն է հաջողվել կամ ձախողվել, և որ պայմաններն են անփոփոխ։ Սա օգնում է ChatGPT‑ին խուսափել կրկնություններից և զարգացնել արդեն եղած մտքերը։
Պարզ և արդյունավետ եղանակ է գաղափարների ստեղծումն ու գնահատումը գիտակցաբար տարանջատելը։
Սկսեք տարբերակների լայն շրջանակից։ Խնդրեք առաջարկել բազմաթիվ հնարավոր մոտեցումներ՝ հաշվի առնելով ձեր սահմանափակումները։ Թույլ տվեք, որ համակարգը տարբերակներ ստեղծի՝ առանց դրանք անմիջապես գնահատելու։ Այնուհետև նեղացրեք ընտրությունը։ Խնդրեք խմբավորել գաղափարներն ըստ թեմաների և համեմատել՝ որն է ամենամեծ ազդեցությունն ունենալու, որն է ամենաշատ ջանքերը պահանջում, և ինչ փոխզիջումներ կան։
Վերջում անցեք պլանավորմանը։ Ուղղությունն ընտրելուց հետո խնդրեք կազմել իրականացման նախնական ծրագիր՝ հիմնական փուլերով, պատասխանատուներով և ընդհանուր ժամանակացույցով։
Ահա փոքր քայլեր, որոնք զգալիորեն բարելավում են գաղափարների մշակումը․
Խնդրեք ներկայացնել դատողությունը․ «Բացատրիր՝ ինչու ես առաջարկում այս տարբերակը»։
Պահանջեք ընտրություն կատարել․ «Եթե կարող ենք իրականացնել միայն մեկը, ո՞րն ընտրենք և ինչո՞ւ։»
Խնդրեք «բարեկամական քննադատություն»․ «Ո՞ր մեկ փոփոխությունը կարող է սա ավելի լավը դարձնել։»
Տարանջատեք արագ արդյունք տվող և հիմք ստեղծող աշխատանքները․ «Յուրաքանչյուրը նշիր որպես արագ արդյունք տվող կամ հիմք ստեղծող»։
Կիրառեք չափանիշներ․ «Յուրաքանչյուր գաղափար գնահատիր 1–5 սանդղակով՝ ըստ ազդեցության, պահանջվող ջանքի և հաջողության նկատմամբ վստահության»։
Փոխեք ձևաչափը՝ մտածողությունը փոխելու համար․ «Ներկայացրու սա որպես 2x2 մատրից, որոշումների ծառ, ժամանակացույց կամ շահակիցների քարտեզ»։
Երբ մտքերն անկանոն են, օգտվեք ձայնային մուտքագրումից կամ թելադրանքից․ «Ահա իմ նախնական մտքերը․ օգնիր դրանք համակարգել՝ առանձնացնելով հստակ թեմաներն ու հաջորդ քայլերը»։
Առաջադրանք | Համատեքստ | Ակնկալվող արդյունք |
|---|---|---|
Առաջարկիր գաղափարներ թիմի արտագնա հանդիպման համար՝ նվիրված պլանավորմանն ու ընդհանուր մոտեցումների համաձայնեցմանը։ | Թիմին պետք են գործնական, հեշտ իրականացվող և տարբեր դերեր ունեցող մասնակիցների խմբին հարմար գաղափարներ։ | Ըստ թեմաների խմբավորված, միմյանցից տարբերվող գաղափարների ցանկ՝ յուրաքանչյուրի կարճ բացատրությամբ։ |
Առաջարկիր արշավի հնարավոր թեմաներ՝ ապրանքի առաջիկա թողարկման համար։ | Արշավը պետք է գրավի զբաղված գործարար օգտատերերին և հստակ կապ ունենա իրական աշխատանքային խնդիրների հետ։ | Տարբեր ուղղություններով կամ ոճերով մի քանի տարբերակ, որպեսզի թիմը կարողանա համեմատել մոտեցումները։ |
Առաջարկիր ուղիներ՝ բարելավելու ներքին գործընթացը, որը ներկայում դանդաղ է թվում կամ կրկնվող գործողություններ է պահանջում։ | Ուսումնասիրիր կցված ընթացիկ գործընթացը, որի ընթացքում աշխատանքը մի քանի անգամ փոխանցվում է մի մասնակցից մյուսին։ | Ըստ առաջնահերթության դասավորված գաղափարներ՝ առանձնացնելով նախ փորձարկելու համար ամենահեռանկարային տարբերակները։ |
Բարձրորակ հարցումներ կազմելու համար կրկին ծանոթացեք հարցումների կազմման հիմունքներին։
ChatGPT‑ին դիտարկեք որպես նախնական տարբերակներն արագ կազմելու գործընկեր։ Այն օգտակար է տարբերակներ ստեղծելու և մտքերը համակարգելու համար, բայց առավել արդյունավետ է, երբ տրամադրում եք համատեքստը և գործելուց առաջ արագ ստուգում արդյունքի համապատասխանությունն իրականությանը։
Այսպես օգտագործելիս ChatGPT‑ն օգնում է անկանոն գաղափարներից անցնել հստակ, փորձարկելի ծրագրի։ Սկսեք տարբերակների լայն շրջանակից, համակարգեք դրանք, ապա ընտրությունը նեղացրեք մինչև իրագործելի ուղղություն։ Յուրաքանչյուր արդյունք համարեք նախնական տարբերակ, որը պետք է հղկել՝ սեփական գնահատմամբ առաջնորդվելով։


