OpenAI

22 ապրիլի, 2026 թ.

OpenAI ակադեմիա

Աշխատատարածքի ագենտներ

Ծանոթացեք ագենտներին, ստեղծեք և օգտագործեք դրանք ChatGPT‑ում կրկնվող աշխատանքի համար։

ChatGPT‑ի օգտատերերի մեծ մասն արդեն գիտի՝ ինչպես կիրառել ԱԲ-ն առանձին առաջադրանքների համար, օրինակ՝ տեքստեր կազմելու, ամփոփելու, գաղափարներ մշակելու կամ հարցերին պատասխանելու։ Հաջորդ փուլում ԱԲ-ի կիրառումն ընդլայնվում է՝ ավելի խորն ինտեգրվելով առօրյա աշխատանքին։ Առանձին պահերին օգնելու փոխարեն ԱԲ-ն ավելի հաճախ է աջակցում կրկնվող աշխատանքային գործընթացներին, որոնք հիմնվում են ընդհանուր համակարգերի, աշխատանքի փոխանցման ստանդարտների, կայուն արդյունքների և ժամկետների, ճշգրտության ու ընթացակարգերի իրական սահմանափակումների վրա։

Հենց այստեղ են պետք գալիս ChatGPT‑ի աշխատատարածքի ագենտները։ Դրանք նախատեսված են կրկնվող գործընթացների համար, որոնք այլապես կկատարեիք ձեռքով՝ ամեն անգամ նորից բացատրելով քայլերը և տեղեկությունները պատճենելով գործիքների միջև։ Աշխատատարածքի ագենտների մասին ավելին իմացեք մեր բլոգի գրառումից։

Եթե նոր եք սկսում ագենտներ ստեղծել, նախ ծանոթացեք հիմնական հասկացություններին, որպեսզի իմանաք՝ ինչպես կարգավորել աշխատատարածքի ագենտը՝ կայուն արդյունքներ ստանալու համար։

Ի՞նչ է ագենտը

Ընդհանուր առմամբ, ագենտը առաջադրանք կատարող համակարգ է՝ երեք բաղադրիչով. գործարկման պայման, գործընթաց, որը կարող է ներառել մասնագիտացված հմտություններ, և գործիքներ կամ համակարգեր, որոնց այն կարող է միանալ։

Բաղադրիչ

Նկարագրություն

Օրինակներ

Գործարկման պայման

Ինչն է գործարկում ագենտը

Ժամանակացույց («Ամեն աշխատանքային օր՝ ժամը 09:00-ին») կամ ձեռքով գործարկում («Գործարկել հիմա»)։

Գործընթաց և հմտություններ

Քայլեր, որոնցով ագենտը կատարում է առաջադրանքը՝ ըստ ձեր ակնկալիքների

Մուտքային տվյալների ուսումնասիրում, բացակայող տեղեկությունների ստուգում, արդյունքի նախնական տարբերակի կազմում և փոխանցում կամ հաջորդ գործողության կատարում։

Գործիքներ և համակարգեր

Հաստատված գործիքներ և ինտեգրումներ, որոնցով ագենտը կարող է տեղեկություններ հավաքել և, թույլտվության դեպքում, գործողություններ կատարել։

Slack, CRM, ներքին փաստաթղթեր, հայտերի կառավարման համակարգ կամ համատեղ օգտագործվող փաստաթուղթ

Ագենտներն առավել օգտակար են, երբ աշխատանքը՝

  • Կրկնվող է. նույն առաջադրանքը պարբերաբար է առաջանում

  • Կառուցվածքային է. արդյունքն ունի հստակ ձևաչափ (այդպես կարող եք գնահատել ագենտի աշխատանքի որակը)

  • Կախված է ժամից կամ իրադարձությունից. կատարվում է պարբերաբար կամ սկսվում է որևէ իրադարձությամբ

  • Գործիքներ է պահանջում. անհրաժեշտ է տվյալներ կարդալ ձեր թիմի համակարգերից կամ գրել դրանցում

Ազատ մտորումների, գաղափարների մշակման կամ որոնողական գրելու համար սովորական զրույցը հաճախ ավելի հարմար է, հատկապես՝ մեկանգամյա առաջադրանքների դեպքում։

Ագենտները տարբերվում են նաև ավանդական API գործընթացներից, որոնք գուցե նախկինում ստեղծել եք։ Այլ գործիքների ավանդական գործընթացները հաճախ դետերմինիստական են. ամեն քայլ հստակ սահմանված է, և համակարգն ամեն անգամ հետևում է նույն ուղուն, եթե չփոխեք տրամաբանությունը։ Ագենտներն ավելի հավանականային են։ Նրանք ևս գործում են հրահանգների, գործիքների ու պաշտպանական սահմանափակումների շրջանակում, բայց մոդելի միջոցով մեկնաբանում են համատեքստը, սահմանված շրջանակում որոշումներ կայացնում և հարմարեցնում աշխատանքի ընթացքը։

Ագենտի կառուցվածքը

Աշխատատարածքի ագենտ նախագծելիս օգտակար է այն բաժանել բաղադրիչների։ Մտածեք՝ ինչ կպարզաբանեիք մարդուն աշխատանք հանձնարարելուց առաջ. ինչի համար է նա պատասխանատու, երբ պետք է սկսի, երբ՝ դադար տա կամ կանգ առնի, ինչ գործիքներ ու տեղեկություններ կարող է օգտագործել, ինչ ընթացակարգի և կանոնների պետք է հետևի։

Ագենտին կարող է պետք լինել փլագինների հասանելիություն։ Իմացեք ավելին
ChatGPT‑ի փլագինների մասին։

Ստորև ներկայացված են ագենտների՝ բաղադրիչների բաժանման օրինակներ։


Մարքեթինգային արշավների ամփոփման ագենտ

Արտադրանքի վերաբերյալ կարծիքների տեսակավորման ագենտ

Վաճառքի ընթացքի ամփոփման ագենտ

Նպատակ. ո՞րն է ագենտի ընդհանուր նպատակը։

Վերլուծել արշավի արդյունավետությունը և առաջարկել օպտիմալացումներ

Ամփոփել արտադրանքի վերաբերյալ նոր կարծիքները և ուղղել համապատասխան պատասխանատուներին

Հետևել վաճառքի ընթացքի փոփոխություններին և ընդգծել ռիսկերն ու հնարավորությունները

Գործարկման պայման. ի՞նչն է մեկնարկում աշխատանքը։

Ամեն երկուշաբթի՝ ժամը 10:00-ին

Slack-ից ձևաթղթի ուղարկում

Ամեն աշխատանքային օր՝ ժամը 08:00-ին

Գործընթաց. ի՞նչ քայլերի պետք է հետևի։

Հավաքել արդյունավետության հիմնական ցուցանիշները, բացահայտել միտումները, կազմել նախնական ամփոփում, առաջարկել հաջորդ քայլերը, նշանակել պատասխանատուներին

Ուսումնասիրել կարծիքները, խմբավորել առնչվողները, ամփոփել հիմնական թեմաները, առաջարկել հետագա քայլերի պատասխանատուներին

Ուսումնասիրել վաճառքի ընթացքը, նշել ռիսկերը, առաջարկել հաջորդ քայլերը

Գործիքներ. ի՞նչ համակարգերի կամ հավելվածների հասանելիություն է ձեզ պետք։

Վերլուծական գործիքներ և համատեղ օգտագործվող ամփոփիչ փաստաթուղթ

Slack, հայտերի կառավարման համակարգ և ամփոփիչ փաստաթուղթ

CRM, էլփոստ կամ Slack և վաճառքի ընթացքին հետևելու գործիք

Կառավարման կանոններ. վերահսկողության ի՞նչ միջոցներ են պետք։ Ե՞րբ պետք է այն կանգ առնի և հարցը փոխանցի վերադասին։

Կազմել նախնական առաջարկություններ. բյուջեն փոխելուց առաջ անհրաժեշտ է հաստատում

Կազմել հայտերի սևագրեր, առաջնահերթ խնդիրները փոխանցել վերադասին. ուղարկելուց առաջ անհրաժեշտ է հաստատում

Կազմել նախնական եզրահանգումներ ու առաջարկություններ, ծանուցել պատասխանատուներին. առանց հաստատման չհաստատել անմիջական կապ

Ագենտների աշխատանքային գործընթացների օրինակներ

Ստորև բերված օրինակները կարելի է դիտարկել որպես ագենտների աշխատանքային գործընթացների ձևանմուշներ՝ տարբեր թիմերում ու գործառույթներում հանդիպող տարածված, կրկնվող աշխատանքային սխեմաներ։ Յուրաքանչյուրը ներկայացնում է գործընթացի հիմնական տեսակ, որը կարող է կատարել ագենտը։ Գործիքները, տվյալներն ու արդյունքները կարող են տարբեր լինել, բայց հիմքում ընկած սխեման մնում է նույնը։

Աշխատանքային գործընթաց

Ինչպես է աշխատում

Կիրառման օրինակներ

Տեղեկատվական ամփոփում

Հավաքել տեղեկություններ տարբեր աղբյուրներից, առանձնացնել էականը և ներկայացնել որոշումներ կայացնելու համար հարմար ձևով։

1) Հավաքել մուտքային տվյալները

2) Համեմատել և առանձնացնել կարևոր ազդակները

3) Ամփոփել՝ ըստ լսարանի 

4) Կիսվել որպես փաստաթուղթ, հուշագիր կամ տեղեկատվական ամփոփում

Վաճառք. կազմել հաճախորդի մասին ամփոփ տեղեկանք՝ CRM-ի, զանգերի, Slack-ի և նորությունների հիման վրա։ 

Մարքեթինգ. կազմել արշավների կամ մրցակիցների մասին ամփոփումներ՝ վերլուծական տվյալներից, սոցիալական ցանցերից և փաստաթղթերից։ 

Ղեկավարություն. պատրաստել ոլորտի ամենօրյա ամփոփումներ՝ առաջարկություններով

Տեսակավորում և ուղղորդում

Մշակել ստացվող նյութերը և ապահովել դրանց անցումը համապատասխան հաջորդ փուլ

1) Ուսումնասիրել ստացված նյութերը 

2) Դասակարգել և սահմանել առաջնահերթությունները 

3) Ուղղորդել կամ ստեղծել հաջորդ քայլի համար անհրաժեշտ նյութը

4) Ծանուցել պատասխանատուին և հարցումն ուղարկողին

Աջակցություն. կարծիքներից ձևավորել սխալների հաղորդումներ, նոր գործառույթների հարցումներ կամ հետագա անելիքներ։ 

ՏՏ/Գործառնական աշխատանք. մշակել Slack-ի ներքին հարցումները և ուղղորդել՝ ըստ հրատապության։ 

Հավաքագրում. նախնական գնահատել դիմորդներին և ուղղորդել համապատասխան ընթացակարգով։

Վերլուծություն և առաջարկություն

Մեկնաբանել տվյալները կամ փաստերը, ձևավորել տեսակետ և դրա հիման վրա պատրաստել առաջին ներկայացվող նյութը։

1) Հավաքել սկզբնական տվյալները 

2) Վերլուծել օրինաչափությունները, բացերը և փոխզիջումները 

3) Ձևակերպել առաջարկություն 

4) Կազմել հուշագրի, սահիկաշարի, էլեկտրոնային աղյուսակի կամ նամակի նախնական տարբերակ

Ֆինանսներ. համադրել բյուջեն ու փաստացի ցուցանիշները և կազմել ղեկավարի համար հուշագրի նախագիծ։ 

Արտադրանք/Հետազոտություն. վերլուծել օգտատերերի կարծիքները և առաջարկել առաջնահերթություններ։ 

Գնումներ. համեմատել մատակարարների գնային առաջարկները, ստեղծել որոշման մատրիցա և կազմել գնման պատվերի նամակի նախագիծ։

Բովանդակության ստեղծում

Ստեղծել կամ թարմացնել բովանդակությունը, ապա հարմարեցնել այն որոշակի լսարանի կամ ալիքի։

1) Նշումներից կամ սկզբնաղբյուրից ստեղծել առաջին սևագիրը

2) Խմբագրել՝ ապահովելով համապատասխան տոնն ու ճշգրտությունը 

3) Հարմարեցնել լսարանին և ալիքին 

4) Հրապարակել կամ ուղարկել

Մարքեթինգ. համառոտ առաջադրանքից ստեղծել արշավի նյութեր և տարածել՝ կարծիքներ ստանալու համար։ 

Ղեկավար. նշումներից կազմել նոր աշխատակցի ներգրավման պլան կամ ուսուցման մոդուլ։ 

Վաճառք. գրել հետադարձ կապի նամակներ, եռամսյակային բիզնես վերանայման ամփոփումներ կամ ամփոփ տեղեկություններ շահակիցների համար։

Պլանավորում և համակարգում

Նպատակները վերածել ժամանակացույցով աշխատանքների և համակարգերի թարմացումների

1) Կազմել պլան՝ հաշվի առնելով սահմանափակումները 

2) Ստուգել փոխկախվածություններն ու հասանելիությունը 

3) Կատարել գործողությունը կամ պատրաստվել դրան 

4) Թարմացնել համակարգերը և ծանուցել մարդկանց

Նախագծի ղեկավար/Աշխատակազմի ղեկավար. աշխատանքին ժամանակ հատկացնել օրացույցում, նշանակել հանդիպումներ և թարմացնել հետևման գործիքները։ 

Միջոցառումներ. համակարգել արտագնա հանդիպումները, գրանցումները կամ ուղևորությունների պլանները։ 

Վարչարարություն. կառավարել ձևաթղթերը, հիշեցումները, պատվերները, ամրագրումները և հետագա անելիքները։

Ագենտի օգտագործումը ChatGPT‑ում

Կարող եք սկսել ձեր կազմակերպության արդեն ստեղծած ագենտներից։ Նախ պարզեք, թե ագենտն ինչն է լավ անում. ինչ առաջադրանքների է աջակցում, ինչ գործիքներից է օգտվում և ինչ արդյունք է տալիս։

Սկսեք մի քանի ցածր ռիսկով հարցումներից՝ տեսնելու, թե ինչպես է այն գործում։ Նախ փորձեք պարզ մուտքային տվյալներ, ապա ուսումնասիրեք արդյունքները՝ հասկանալու առաջադրանքի նկատմամբ նրա մոտեցումը։

Հիշեք՝ նույնիսկ լավ կառուցված ագենտի դեպքում մարդկային գնահատականն օգտակար է։ Հաճախ հենց դուք գիտեք ընդհանուր համատեքստը, առաջադրանքի կարևորությունը և այն, թե ինչպիսին պետք է լինի լավ պատասխանը։

Ձեր սեփական ագենտի ստեղծումը ChatGPT‑ում

Հիմունքներին ծանոթանալուց և կիրառման հարմար դեպք ընտրելուց հետո կարող եք սկսել ստեղծել աշխատատարածքի ձեր ագենտը։ Հնարավոր է՝ ChatGPT‑ում արդեն հմտություններ եք ստեղծել։ Աշխատատարածքի ագենտները կարող են իրենց հրահանգներում օգտագործել հմտություններ։

Նշում. ChatGPT Enterprise-ում ագենտներ ստեղծելու հասանելիությունը վերահսկում են ձեր աշխատատարածքի ադմինիստրատորները։

  1. Սկսեք պարզ լեզվով. ագենտի ստեղծման զրույցում նկարագրեք նրա անելիքը, հաջող արդյունքը և սահմանափակումները, որոնց պետք է հետևի։ Ստեղծման գործիքը դա կվերածի հստակ քայլերով գործընթացի, որը կարող եք կատարելագործել զրույցում կամ խմբագրել անմիջապես գործընթացում ու հրահանգներում։

  2. Ընտրեք գործիքներն ու միակցիչները. ընտրեք հաստատված հավելվածները, որոնցով ագենտը կարող է կատարել գործընթացը։ Կարող եք նաև նկարագրել այն համակարգերը, որոնց ագենտին հասանելիություն է պետք, և ստեղծման գործիքը կօգնի ավելացնել դրանք ու անցնել նույնականացումը։

  3. Ընտրեք գործարկման պայմանը. որոշեք, թե երբ պետք է ագենտը գործարկվի։ Ագենտի գործարկման պայմանն այն իրադարձությունն է, որը մեկնարկում է նրա աշխատանքը։ Աշխատատարածքի ագենտը կարող է գործարկվել մարդու խնդրանքով կամ ժամանակացույցով՝ սահմանված ժամին։ Գործարկման պայմանը կարող եք սահմանել պարզ լեզվով՝ ագենտի ստեղծման զրույցում։

  4. Ավելացրեք պաշտպանական սահմանափակումներ. սահմանեք թույլատրելիի շրջանակը, անհրաժեշտ հաստատումները և զգայուն գործողություններին մարդու մասնակցությամբ ստուգման կետերը։ Դրանք կարող եք ավելացնել անմիջապես ագենտի ստեղծման զրույցում, և ստեղծման գործիքը կփոխի հրահանգները։

Ագենտի փորձարկումը նախադիտման միջոցով

Ագենտի ստեղծումն առավել արդյունավետ է, երբ այն պարբերաբար փորձարկում և բարելավում եք։ ChatGPT‑ում ստեղծման գործիքն այդ շրջափուլի մի մասն է։ Ագենտը փորձարկելիս զրույցի միջոցով պարզեք՝ ինչ է տեղի ունեցել, գտեք խնդիրները և քայլ առ քայլ բարելավեք հրահանգները։

Սկսեք մի քանի իրատեսական օրինակից՝ ներառելով և՛ պարզ հարցումներ, և՛ ավելի բարդերը՝ թերի համատեքստով կամ երկիմաստություններով։ Դա կօգնի հասկանալ ագենտի վարքը և տեսնել՝ որտեղ են պետք ավելի հստակ հրահանգներ կամ պաշտպանական սահմանափակումներ։

Ագենտի խմբագրումը

Փորձարկելիս բնական է, որ ագենտի առաջին տարբերակը կատարյալ չի լինի։ Եթե ինչ-որ բան այնպես չէ, բարելավման երկու արդյունավետ եղանակ կա։

  • Անմիջապես թարմացրեք հրահանգները. խմբագրիչում կատարեք փոքր, կոնկրետ փոփոխություններ, օրինակ՝ հստակեցրեք քայլը, ճշգրտեք արդյունքի ձևաչափը կամ սահմանափակում ավելացրեք։

  • Ուղղորդեք բնական լեզվով. եթե խնդիրը հստակ չէ, այն պարզաբանեք ստեղծման գործիքի հետ զրույցում։ Կարող եք նշել բացթողումները, բաց հարցեր տալ կամ խնդրել բացատրել դատողությունը՝ հրահանգների բացերը բացահայտելու համար։

Փոփոխություններից հետո նորից փորձարկեք՝ համոզվելու, որ թարմացումն աշխատել է։

Ագենտների կիրառումը ամբողջ թիմում

Աշխատատարածքի ագենտները նախատեսված են համատեղ, կրկնվող աշխատանքի համար։ Ագենտով կիսվելը ձեր թիմին տալիս է առաջադրանքը կատարելու միասնական եղանակ՝ ամեն անգամ գործընթացը նորից հորինելու փոխարեն։

Ագենտով կիսվելիս հստակ նշեք դրա նպատակը։ Նկարագրության մեջ նշեք նրա առաջադրանքը, երբ օգտագործել այն, ինչ տվյալներ տրամադրել և ինչ արդյունք ակնկալել։ Համատեղ օգտագործվող ագենտներն առավել արդյունավետ են կոնկրետ, կրկնվող գործընթացում, որին ձեր թիմն արդեն ծանոթ է։ Հուշումների մեկ-երկու օրինակը նույնպես կարող է մյուսներին հստակ մեկնակետ տալ և հեշտացնել կիրառումը։

Հիշեք՝ աշխատատարածքի ադմինիստրատորները միակցիչների ու գործառույթների հասանելիությունը կառավարում են մուտքի վերահսկողության դերային մոդելով (RBAC)։ Ուստի թիմակիցներին կարող են անհրաժեշտ լինել համապատասխան թույլտվություններ, որպեսզի ագենտն աշխատի Slack-ի, Gmail-ի կամ այլ գործիքների հետ։

Առնչվող գործիքների և ուղեցույցների համար ուսումնասիրեք OpenAI Frontier-ը։

Շարունակեք ուսուցումն OpenAI Academy-ի հետ

Բացահայտեք լրացուցիչ ուղեցույցներ և ռեսուրսներ՝ գործնական ԱԲ հմտություններ զարգացնելու համար։