Գրել ChatGPT‑ի օգնությամբ
Կազմեք, վերանայեք և հղկեք տեքստերը՝ հստակ ասելիքով ու նպատակով։
ChatGPT‑ն կարող է օգնել աշխատավայրում գրավոր հաղորդակցության բազմաթիվ առօրյա գործերում՝ զրոյից տեքստ կազմել, վերաշարադրել ու սեղմել այն, տոնը հարմարեցնել որոշակի լսարանի և նախնական նշումները վերածել հստակ հաղորդագրության։ Այն հատկապես օգտակար է, երբ ժամանակը քիչ է, չգիտեք՝ ինչից սկսել, կամ փորձում եք տեքստը պատշաճ տեսքի բերել։
Խորհուրդ․ ChatGPT‑ն կարող է աշխատել վերբեռնված ֆայլերի հետ կամ ֆայլերին հասանելիություն ստանալ կապակցված հավելվածների միջոցով։ Իմացեք ավելին այստեղ։
Աշխատավայրում գրավոր հաղորդակցության մեծ մասը նույն նպատակն ունի՝ օգնել ընթերցողին արագ հասկանալ ասելիքը և իմանալ, թե ինչ անել հաջորդիվ։ ChatGPT‑ն կարող է արագացնել հաճախ ամենաշատ ժամանակը խլող գործերը՝ գտնել հաջող սկիզբ, դասավորել մտքերը և հղկել ձևակերպումները, որպեսզի դուք կենտրոնանաք կարևոր որոշումների ու մանրամասների վրա։
Այն նաև արդյունավետ է տեքստի տոնը տարբեր լսարանների հարմարեցնելու հարցում։ Նույն հիմնական ասելիքի հիման վրա կարող եք ստանալ ամփոփագիր ղեկավարության համար, ընթացիկ տեղեկություններ՝ թիմի համար կամ հաղորդագրություն հաճախորդի համար՝ առանց ամեն ինչ զրոյից վերագրելու։
Ահա աշխատանքի պարզ հաջորդականություն, որը հարմար է գրավոր առաջադրանքների մեծ մասի համար․
Պլանավորել → Կազմել սևագիր → Վերանայել → Ձևավորել
Պլանավորել․ հստակեցրեք նպատակը, լսարանը և «ակնկալվող քայլը» (ինչ պետք է տեղի ունենա հետո)
Կազմել սևագիր․ արագ ստացեք գործածելի առաջին տարբերակ
Վերանայել․ տեքստը դարձրեք ավելի հստակ ու սահուն, շտկեք տոնն ու ծավալը
Ձևավորել․ հարմարեցրեք ներկայացման ձևին (էլեկտրոնային նամակ, ծառայողական գրություն, հաճախ տրվող հարցեր, սահիկի տեքստ կամ սցենար)
ChatGPT‑ն լավագույնս է աշխատում, երբ տրամադրում եք համատեքստն ու սահմանափակումները, իսկ արդյունքն ընդունում եք որպես վերանայման ենթակա սևագիր, ոչ թե անառարկելի վերջնական տարբերակ։
Նախ մեկ կամ երկու նախադասությամբ ձևակերպեք առաջադրանքը։ Ո՞ւմ համար է տեքստը, և ի՞նչ պետք է տեղի ունենա այն կարդալուց հետո։ Հստակ նպատակներն օգնում են ստանալ ավելի հաջող սևագրեր։
Այնուհետև ChatGPT‑ին տրամադրեք ձեր սկզբնական նյութը։ Դա կարող է լինել սևագիր, մի քանի կետից կազմված ցանկ, հանդիպման նշումներ կամ հիմնական փաստեր, որոնք պարտադիր պետք է ներառվեն։ Եթե կան սահմանափակումներ, օրինակ՝ խուսափել մասնագիտական ժարգոնից, չնշել ներքին անվանումները կամ պահպանել չեզոք տոն, հստակ նշեք դրանք։
Ապա նշեք ձևաչափը։ Էլեկտրոնային նամակի, մեկ էջանոց նյութի, հաճախ տրվող հարցերի, սահիկի տեքստի կամ սցենարի համար տարբեր կերպ գրված տեքստեր կստանաք։ Եթե ուզում եք, որ տեքստը հեշտ լինի աչքի անցկացնել, խնդրեք օգտագործել վերնագրեր ու կարճ պարբերություններ։ Եթե ուզում եք ուղարկելու համար պատրաստ նամակ, խնդրեք ներառել թեմա, հակիրճ սկիզբ և հստակ հաջորդ քայլ։
Վերջում փուլ առ փուլ բարելավեք տեքստը՝ տալով կոնկրետ դիտողություններ։ «Ավելի լավը դարձրու» տիպի ընդհանուր խնդրանքները պակաս արդյունավետ են, քան նպատակային հրահանգները, օրինակ՝ «կրճատիր 25%-ով և հստակեցրու վերջում ներկայացված գործողության կոչը»։ Սովորաբար մի քանի նպատակային խմբագրումն ավելի արդյունավետ է, քան ամեն անգամ բոլորովին նոր սևագիր խնդրելը։
Առաջադրանք | Համատեքստ | Ակնկալվող արդյունք |
|---|---|---|
Տարբեր բաժինների մասնակցությամբ նախագծային հանդիպումից հետո կազմիր հետագա քայլերի մասին էլեկտրոնային նամակ։ | Օգտագործիր կցված նշումները՝ արտադրանքի թողարկման ժամանակացույցի քննարկումից, որին մասնակցել են մարքեթինգի, արտադրանքի և գործառնական թիմերը։ | Հակիրճ նամակ՝ թեմայով, կարճ ամփոփմամբ և հստակ հաջորդ քայլերով՝ նշելով դրանց պատասխանատուներին։ |
Նախնական նշումները վերածիր ղեկավարության համար նախատեսված մեկ էջանոց ներքին հաղորդագրության՝ գործերի ընթացքի մասին։ | Լսարանը բարձրաստիճան ղեկավարներն են, որոնք ուզում են հակիրճ ամփոփում՝ առաջընթացի, ռիսկերի և հաջորդ քայլերի մասին։ | Մեկ էջանոց հաղորդագրություն՝ առաջընթացի, ռիսկերի և առաջիկա աշխատանքի մասին վերնագրված բաժիններով։ |
Վերաշարադրիր հայտարարության սևագիրը, որպեսզի այն ավելի հստակ լինի և ավելի հեշտ լինի աչքի անցկացնել։ | Սկզբնական սևագիրը (կցված է) չափազանց երկար է և պարունակում է կազմակերպության ներսում գործածվող ժարգոն, որը ոչ բոլորն են հասկանում։ | Վերանայված տարբերակ, որն ավելի կարճ է, հեշտ է աչքի անցկացնել և գրված է պարզ լեզվով։ |
Որակյալ հարցումներ կազմելու համար կրկին անդրադարձեք հարցումների կազմման հիմունքներին։
Հնարավորության դեպքում տրամադրեք սկզբնական նյութ (նույնիսկ սևագիրն է օգնում)։
Ծավալուն նյութերի դեպքում նախ խնդրեք կազմել կառուցվածք կամ պլան։
Նշեք պահանջները՝ բառաքանակը, ընթերցողի պատրաստվածության մակարդակը, բրենդի հաղորդակցման ոճը կամ այն, թե ինչ անել և ինչից խուսափել։
Եթե ուզում եք հասկանալ փոփոխությունները, վերանայված տարբերակի հետ խնդրեք նաև հակիրճ հիմնավորում։
Ստուգեք փաստերը, եթե նյութում նշված են կոնկրետ թվեր, կանոններ կամ պնդումներ։
Եթե ուզում եք ավելի հետևողականորեն պահպանել գրելու որոշակի ոճ, մտածեք հմտություն ստեղծելու մասին։


