OpenAI

5 նոյեմբերի, 2026 թ.

Ընկերություն

Ավստրալիայի համալսարանները պատրաստում են ԱԲ-ն ազատորեն կիրառող շրջանավարտներ

Ավստրալիայի աշխատուժի ապագան ձևավորվում է դեռ նախքան այսօրվա ուսանողները կստանան իրենց դիպլոմները։ Համալսարաններում ուսանողներն ԱԲ-ի օգնությամբ ուսումնասիրում են գաղափարներ, ստեղծում օգնականներ և մտահղացումները վերածում աշխատող նախատիպերի։ Նրանք սկսում են զարգացնել հմտություններ, որոնք հետագայում կկիրառեն հետազոտություններում, կայացած ոլորտներում և սեփական ձեռնարկություններում։

Գիտակցելով այս փոփոխությունը՝ Ավստրալիայի համալսարանները, այդ թվում՝ UNSW Sydney-ն, Սիդնեյի, Լա Տրոբի և Ադելաիդայի համալսարանները, համագործակցում են OpenAI-ի հետ՝ իրենց ուսանողներին ու աշխատակիցներին առաջադեմ ԱԲ գործիքների հասանելիություն տրամադրելու համար։

Ուսանողները, դասախոսներն ու ՏՏ թիմերն ԱԲ-ն օգտագործում են կլինիկական սիմուլյացիաներում, ռոբոտների աջակցությամբ ուսուցիչների վերապատրաստման և ուսանողական նախագծերում, որոնք ճանապարհ են հարթում դեպի մասնագիտական ոլորտներ։ Զուգահեռաբար համալսարանները մշակում են կանոններ, թե ուսուցման և գնահատման որ փուլերում ու ինչպես կարելի է օգտագործել ԱԲ-ն։ Այդպես նրանք օգնում են ուսանողներին ձեռք բերել գործնական հմտություններ և հասկանալ, թե երբ պետք է ապավինել սեփական դատողությանը։ Դասախոսների, գործատուների և ոլորտի մասնագետների համար այս օրինակները գործնական դասեր են՝ ԱԲ-ի աջակցությամբ ուսուցում կազմակերպելու, ԱԲ-ի օգտագործման հստակ ակնկալիքներ սահմանելու և ավստրալացիներին ԱԲ կիրառող աշխատավայրերին պատրաստելու հարցում։

OpenAI-ի պատվերով կատարված նոր հետազոտությունը1 բացահայտում է, թե ուսանողներն ինչ են ակնկալում իրենց համալսարաններից, այդ թվում՝ ԱԲ-ի հասանելիության առումով, որն ավելի ու ավելի են համարում բնական ակնկալիք։ Ավստրալիայի համալսարանների ավելի քան 1 000 ուսանողների հարցման ընթացքում 81%-ը նշել է, որ արդեն շաբաթական մի քանի անգամ օգտվում է ԱԲ-ից։ Ընդ որում, գրեթե մեկ երրորդը (33%) այն օգտագործում է օրական մի քանի անգամ։ Մեկ քառորդից ավելին (28%) արդեն ստեղծել էր ԱԲ ագենտ կամ օգնական՝ ուսումը, աշխատանքը կամ անձնական կյանքը կազմակերպելու համար։ Հինգ ուսանողից չորսը (79%) ցանկանում է, որ իր համալսարանն ավելի շատ հնարավորություններ տա իրական նախագծերում առաջադեմ ԱԲ գործիքներ օգտագործելու համար։ Նույնքան ուսանող հետաքրքրված է ԱԲ-ն առողջապահության, կլիմայի, գիտության կամ կիբեռանվտանգության խնդիրները լուծելու համար կիրառելով։

ԱԲ-ի օգտագործումը և կարիերայի պատրաստվածությունը

  • 81%

    ԱԲ-ն օգտագործում են շաբաթական մի քանի անգամ

  • 33%

    ԱԲ-ն օգտագործում են ամեն օր՝ մի քանի անգամ

  • 28%

    Արդեն ստեղծել են ԱԲ ագենտ կամ օգնական՝ ուսումը, աշխատանքը կամ անձնական կյանքը կազմակերպելու համար

  • 61%

    Կարծում են, որ ԱԲ հմտություններն անհրաժեշտ կլինեն իրենց ընտրած կարիերայում հաջողության հասնելու համար

  • 69%

    Կարծում են, որ ԱԲ գրագիտությունը կդառնա նույնքան հիմնարար, որքան թվային գրագիտությունը, գրելու կամ հաշվելու կարողությունը

  • 65%

    Կարծում են, որ ԱԲ հմտություններն Ավստրալիայի շրջանավարտներին առավելություն կտան համաշխարհային աշխատաշուկայում

Ավստրալիայի համալսարանների ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքները1

Ուսանողներն այդ փորձը նաև համարում են նախապատրաստություն իրենց ապագային։ Վաթսուն տոկոսից ավելին (61%) կարծում է, որ ԱԲ հմտություններն անհրաժեշտ կլինեն իրենց ընտրած մասնագիտությամբ հաջողության հասնելու համար, իսկ 65%-ը կարծում է, որ այդ հմտություններն Ավստրալիայի շրջանավարտներին առավելություն կտան աշխատանքի համաշխարհային շուկայում։ Կան նաև ձեռնարկատիրական ձգտումներ։ Հարցված ուսանողների երեք քառորդից ավելին (76%) նշել է, որ հետաքրքրված է ընկերություն հիմնելով կամ ինքնուրույն աշխատելով, իսկ երկու երրորդից ավելին (68%) կարծում է, որ ԱԲ-ն կհեշտացնի բիզնես սկսելը։

Բարձրագույն կրթության առջև հարց է ծառանում՝ ինչպես արձագանքել ուսանողների ներկայիս կարիքներին։ Առաջադեմ գործիքների հասանելիությունն առաջին քայլն է։ Սակայն հենց այդ գործիքները ողջամտորեն, առարկայական գիտելիքի և գործնական փորձի հիման վրա կիրառել սովորեցնելը նրանց կպատրաստի աշխատանքում ԱԲ օգտագործելուն։

OpenAI-ի հետ UNSW-ի ընդլայնված համագործակցությունն այս կարիքներին համալսարանների արձագանքի օրինակներից է։ Համալսարանը ChatGPT Edu-ն հասանելի է դարձնում ավելի քան 80 000 ուսանողների և աշխատակիցների՝ փուլ առ փուլ ընդլայնելով հասանելիությունը, որպեսզի այն ընդգրկի ուսանողական ամբողջ համայնքը։

UNSW-ն և OpenAI-ը նախատեսում են գեներատիվ ԱԲ-ի հիմունքներն ու Codex-ը ներառել կրթական ծրագրերում և դասընթացներում՝ ուսանողներին հնարավորություն տալով ԱԲ-ն կիրառել հաքաթոններում և ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ նախագծերում։ Համագործակցությունը նաև նպատակ ունի ուսանողների համար բացել պրակտիկայի, շրջանավարտների համար նախատեսված աշխատանքի և ստարտափ ցանցերին միանալու հնարավորություններ։

UNSW-ի ՏՏ մագիստրանտ Նալին Այերը աշխատանքի շուկայի հարցը պարզ է ձևակերպել. «Կարևոր է հասկանալ, թե ոլորտն ինչ է փնտրում, և ԱԲ-ն ինչ տեղ ունի այդ ամենում»։

Սիդնեյի համալսարանի և OpenAI-ի համագործակցությունը ևս նպատակ ունի գործնական կարողություններ զարգացնել ամբողջ հաստատությունում։ Այն ուսանողներին և աշխատակիցներին կտրամադրի ChatGPT Edu-ի հասանելիություն՝ ուղեկցված աջակցությամբ, ուսուցմամբ և ուղղորդմամբ։ Ներդրումն իրականացվում է փուլերով։ Փորձարկումից հետո՝ 2027 թ. առաջին կիսամյակում, նախատեսվում է հասանելիություն ապահովել բոլոր ուսանողների համար։ Համալսարանը նաև հիմնում է 1 միլիոն դոլարի ԱԲ հետազոտությունների և նորարարության հիմնադրամ՝ կայուն զարգացման ուսումնասիրությանն ու առաջխաղացմանը նպաստելու համար։

Սիդնեյի համալսարանի և OpenAI-ի ներկայացուցիչները միասին կանգնած են համալսարանի տարածքում։

Սիդնեյի համալսարանի և OpenAI-ի ներկայացուցիչները նշում են իրենց ռազմավարական համագործակցության մեկնարկը

Լա Տրոբի համալսարանը լայն հասանելիությունը համատեղում է ԱԲ-ն իր ողջ ուսումնական ծրագրում ներդնելու ձգտման հետ։ Բոլոր 3 500 աշխատակիցներն արդեն ունեն ChatGPT Edu-ի հասանելիություն, իսկ 2027 թ. առաջին եռամսյակում նախատեսվում է այն տրամադրել բոլոր 45 000 ուսանողներին և աշխատակիցներին։ Համալսարանի մոտեցումը ներառում է Ավստրալիայում առաջին ԱԲ ճարտարագիտության բակալավրի ընդլայնված ծրագիրը (Honours), որն առաջին ուսանողներին կընդունի 2027 թ., և երկրում առաջին ԱԲ ուղղվածությամբ բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագիրը (MBA)։

ԱԲ-ն առաջնահերթ համարող իր ռազմավարության շրջանակում Լա Տրոբն Ավստրալիայում առաջին անգամ նշանակել է ԱԲ գծով պրոռեկտոր և ԱԲ-ի գլխավոր պատասխանատու՝ Ֆիլ Լաուֆենբերգին։ Նա կղեկավարի համալսարանի ԱԲ քաղաքականությունը կրթության, հետազոտությունների և գործառնական գործունեության ոլորտներում։

“ԱԲ-ն պետք է զարգանա մեր մասնակցությամբ, ոչ թե մեզ փաստի առաջ կանգնեցնի։ Մենք ցանկանում ենք, որ բոլոր մասնագիտությունների ուսանողներն ունենան անհրաժեշտ հմտություններն ու վստահությունը՝ մասնակցելու իրենց մասնագիտության մեջ ԱԲ-ի կիրառման ձևավորմանը։ Դրա համար պետք են ստեղծելու, գաղափարներ փորձարկելու և իրական խնդիրներ լուծելու հնարավորություններ, ինչպես նաև քննադատական մտածողություն ու կշռադատելու ունակություն՝ ԱԲ-ն պատասխանատու կերպով օգտագործելու համար։”
— Ֆիլ Լաուֆենբերգ, Լա Տրոբի համալսարանի՝ ԱԲ-ի գծով պրոռեկտոր և ԱԲ-ի գլխավոր պատասխանատու

Այս ջանքերն արձագանքում են հարցմամբ բացահայտված իրողությանը. ուսանողներն արդեն փորձարկում են ԱԲ-ն, բայց համահամալսարանական հասանելիությունն ու աջակցությունը բոլորին հավասար հնարավորություններ են տալիս զարգացնելու իրենց հմտությունները՝ անկախ ուսումնառության ոլորտից կամ նրանից, թե ինչ գործիքներ կարող են իրենց թույլ տալ գնել։

Փորձ ձեռք բերել՝ նախքան իրական պատասխանատվություն ստանձնելը

Լա Տրոբի համալսարանում ամենահետաքրքիր նախաձեռնություններից մի քանիսը սկսվում են պարզ հարցից. ինչպե՞ս կարող ենք ԱԲ-ի միջոցով հարստացնել ուսուցման ընթացքում ձեռք բերվող գործնական փորձը։

Նախահիվանդանոցային շտապօգնության ծրագրի ղեկավար, դոկտոր Քեմերոն Անդերսոնը ChatGPT‑ով ստեղծում է բազմազան գործնական առաջադրանքներ, որոնք մատուցվում են համալսարանի ուսուցման կառավարման համակարգով։ Դրանցում ուսանողները մեկնաբանում են ԷՍԳ-ն, գնահատում հնարավոր սրտամկանի ինֆարկտը կամ բազմաթիվ տուժածներով պատահարից հետո տեսակավորում հիվանդներին՝ ըստ օգնության հրատապության։ ԱԲ-ն օգնում է ստեղծել սիմուլյացիաներ, որոնք ամրապնդում և ստուգում են լսարանում սովորածը։

“ChatGPT‑ն օգնում է մեզ ստեղծել իրատեսական կլինիկական սցենարներ, որպեսզի նախահիվանդանոցային շտապօգնություն սովորող մեր ուսանողները վարժվեն տեղում բարդ որոշումներ կայացնելուն։ Նրանք միևնույն է պետք է մեկնաբանեն տվյալները, բացատրեն իրենց մտքի ընթացքը և հիմնավորեն որոշումները։ Այն նաև օգնում է գտնել դասընթացի այն նյութերը, որոնք նոր հետազոտությունների լույսի ներքո թարմացման կարիք ունեն՝ մեզ ավելի շատ ժամանակ թողնելով դասավանդման համար։”
— Դոկտոր Քեմերոն Անդերսոն, Լա Տրոբի համալսարանի նախահիվանդանոցային շտապօգնության ծրագրի ղեկավար

Լա Տրոբի մանկավարժության ֆակուլտետի՝ հետազոտությունների և ոլորտային համագործակցության գծով փոխդեկան, պրոֆեսոր Թերեզ Քինը Ֆլեթչ անունով սոցիալական ռոբոտի միջոցով ապագա ուսուցիչներին օգնում է վարժվել ծնողներին հետադարձ կապ տալու մեջ։ Ֆլեթչը գործում է Microsoft Azure-ում տեղակայված OpenAI-ի մեծ լեզվային մոդելների հիման վրա և արձագանքում է խոսքով, դեմքի արտահայտություններով ու գլխի շարժումներով։

Պրոֆեսոր Քինի թիմն իրատեսական սցենարներ է մշակել՝ հիմնվելով մեծ փորձ ունեցող մանկավարժների հետ հարցազրույցների վրա։ Կարևորն այն է, որ Ֆլեթչն ապագա ուսուցիչներին հնարավորություն է տալիս վարժվել այնպիսի իրավիճակների, երբ ծնողների հետ զրույցը վերածվում է առճակատման՝ զարգացնելով առանցքային հմտություններ մի ոլորտում, որը շատ ուսուցիչների համար դժվարություն է ներկայացնում։

Պրոֆեսոր Թերեզ Քինը նստած է ուսուցիչների վերապատրաստման համար օգտագործվող սոցիալական ռոբոտ Ֆլեթչի կողքին։

Լա Տրոբի համալսարանի պրոֆեսոր Թերեզ Քինը OpenAI-ի տեխնոլոգիայով գործող սոցիալական ռոբոտ Ֆլեթչի միջոցով ապագա ուսուցիչներին օգնում է վարժվել ծնողների հետ բարդ զրույցներ վարելուն

Լա Տրոբն ԱԲ-ն ներառում է ավելի շատ դասընթացներում և գործառնական գործընթացներում։ Համալսարանն ամբողջ հաստատությունում հասանելի է դարձրել OpenAI-ի ագենտային գործիքները՝ Codex-ը և ChatGPT Work-ը։ Նրա ուսումնական տեղեկատուում ներառված են «Վայբ կոդավորում ստարտափների համար» և «Գործուն ԱԲ-ի ծրագրային ճարտարագիտություն» դասընթացները (2027 թվականից)։

Համալսարանի ԱԲ բիզնես ստուդիան գործնական ուսուցումը տարածում է նաև բիզնես ոլորտի վրա։ Այն նպատակ ունի մինչև 2028 թ. ավելի քան 1 000 ուսանողի գործնական փորձ տալ որպես խորհրդատուներ և անմիջապես հաճախորդների հետ աշխատող ինժեներներ։ Նրանք ChatGPT Edu-ի և Codex-ի միջոցով փոքր ու միջին ձեռնարկություններին կօգնեն ներդնել ԱԲ՝ շրջանավարտների հմտությունները կապելով բիզնեսի կարիքների հետ։

Այս ծավալի ԱԲ ներդրումը պահանջում է հետևողական աշխատանք նաև կուլիսներում։ Լա Տրոբը հայտնում է տասնյակ գործող կիրառությունների, հարյուրավոր մարդկանց վերապատրաստման և ակտիվ օգտատերերի թվի՝ ամսական 10% աճի մասին։ Մասնակիցների թվի աճին զուգահեռ համալսարանը կառավարում է անվտանգ հասանելիությունն ու թոքենների օգտագործման ծախսարդյունավետությունը։ «ChatGPT‑ն ու Codex-ն օգնել են համակարգերի մշակման և նորարարության վաղ փուլերի տևողությունը ամիսներից կրճատել մինչև շաբաթներ և, որ կարևոր է, աշխատակիցների ու ուսանողների համատեղ նախագծումը դարձնել գործընթացի անբաժանելի մասը», — ասել է Լաուֆենբերգը։

Որպես բարդ միավորման արդյունքում նորաստեղծ հաստատություն՝ Ադելաիդայի համալսարանը հնարավորություն ունի հենց սկզբից ներդնել ԱԲ-ի անվտանգ, վերահսկվող և ընդլայնելի կիրառություններ։ Վերջին մեկ սերնդի ընթացքում Ավստրալիայում ստեղծված առաջին նոր խոշոր համալսարանը հենվում է հետազոտողների, ուսանողների և աշխատակիցների կողմից OpenAI-ի API-ի օգտագործման արդեն առկա փորձի վրա։

Ադելաիդայի համալսարանը բարձրագույն կրթության առաջին հաստատություններից է, որն OpenAI Daybreak Blue-ն օգտագործում է թույլատրված պաշտպանական անվտանգության աշխատանքների համար։ Սա կարևոր կարողություն է ապահովում կիբեռպաշտպանության համար՝ ներառյալ խոցելիությունների հայտնաբերումը, կոդի անվտանգության ստուգումը, վնասաբեր ծրագրերի վերլուծությունը, միջադեպերին արձագանքն ու շտկումների վավերացումը։

“Սա կշռադատված ձևով հնարավոր է դարձնում մարդակենտրոն ԱԲ-ի կիրառումը՝ մեզ տրամադրելով ԱԲ առաջադեմ մոդելների հասանելիություն՝ մեր կիբեռանվտանգությունն ամրապնդելու համար։”
— Աբհիշեկ Սինգհ, Ադելաիդայի համալսարանի տեխնոլոգիաների և անվտանգության գլխավոր պատասխանատու
UNSW-ի դասախոսներն աշխատում են համակարգչով՝ OpenAI-ի կրթական լուծումների ինժեների հետ։

UNSW-ի ավագ դասախոսներ Մարիանա Ռոդրիգես-Վալենսուելան (նստած) և Մեյ Լիմն աջակցում են ChatGPT Edu-ի ներդրմանը, իսկ OpenAI-ի Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ստորաբաժանման կրթական լուծումների ինժեներ Ջոել Սոլոմոնսը հետևում է նրանց աշխատանքին

Սովորել՝ երբ և ինչպես օգտագործել ԱԲ-ն

Համալսարանները նաև հստակ պահանջներ են սահմանում, թե երբ ուսանողները կարող են ԱԲ օգտագործել, և երբ պետք է ցուցադրեն սեփական գիտելիքները։

UNSW-ն գնահատման համար ներդրել է «Կարելի է, չի կարելի, պարտադիր է» մոտեցումը։ Կախված ուսումնական նպատակից՝ դասախոսը կարող է նշել, որ ԱԲ-ի օգտագործումը թույլատրված է, արգելված կամ պարտադիր։ Սա ուսանողներին հնարավորություն է տալիս վարժվել ԱԲ-ի պատշաճ օգտագործմանը՝ միաժամանակ ցուցադրելով իրենց ոլորտում անհրաժեշտ հիմնարար գիտելիքները։

Սիդնեյի համալսարանը ներդրմանը զուգահեռ սահմանում է ԱԲ-ի պատասխանատու կիրառման կանոններ։ Դրանք լրացնում են գնահատման մոտեցումը, որով ուսանողները նախ վերահսկվող պայմաններում ցուցադրում են սեփական կարողությունները, ապա բաց գնահատման առաջադրանքներում ցույց տալիս, թե ինչպես են կարողանում արդյունավետ օգտագործել ԱԲ-ն։

Լա Տրոբը նաև գործնական ուղեցույցներով է նպաստում ԱԲ-ի ավելի լայն հասանելիությանը։ Համալսարանի գրադարանը բոլոր ուսանողների համար մշակել է ԱԲ-ի պատասխանատու և անվտանգ օգտագործման անվճար ուսումնական մոդուլներ։ 2027 թ. առաջին կիսամյակում ԱԲ հմտությունների զարգացումը ներառվում է առաջին կուրսի 50 առաջնահերթ առարկաների ծրագրերում։ Կրթության, իրավունքի և առողջապահության ոլորտներին հարմարեցված մոդուլները ԱԲ գրագիտությունը կապում են մասնագիտական պարտականությունների հետ, իսկ գործնական պարապմունքներն ու ուսումնական նյութերն օգնում են դասախոսներին մշակել ուսումնական և գնահատման առաջադրանքներ։

Ուսանողներն արդեն ԱԲ հմտությունները համարում են իրենց կարիերայի համար անհրաժեշտ պայման և առաջ անցնելու հնարավորություն։ Ընդլայնելով ChatGPT‑ի հասանելիությունը և ԱԲ-ն ներառելով ամենօրյա դասավանդման մեջ՝ Ավստրալիայի համալսարաններն օգնում են այդ ձգտումը վերածել գործնական փորձի։ Նպատակն է պատրաստել շրջանավարտներ, որոնք կարող են ԱԲ-ի օգնությամբ սովորել, ստեղծագործել և խնդիրներ լուծել ու ունեն առարկայական գիտելիքներ և դատելու կարողություն՝ աշխատանքային կյանք մտնելիս այդ հմտությունները վստահորեն կիրառելու համար։

​

Հեղինակ

OpenAI
  1. 1

    OpenAI-ի պատվերով Pureprofile-ի իրականացրած այս հետազոտության շրջանակում 2026 թ. օգոստոսի 3–7-ը հարցվել են ամբողջ Ավստրալիայից 18 տարեկան և ավելի բարձր տարիքի 1 018 ուսանողներ, որոնք համալսարաններում սովորում են առկա կամ հեռավար ձևաչափով։