Պաշտպաններին՝ ավելի մեծ պարգևատրումներ խոցելիությունների բացահայտման համար
Մենք բարձրացնում ենք OpenAI-ի՝ անվտանգության խոցելիությունների բացահայտման ծրագրի պարգևատրումները՝ անկախ հետազոտողներին էլ ավելի խրախուսելու հայտնաբերել OpenAI-ի ծրագրային ապահովման այն խոցելիությունները, որոնք կարող էին վրիպել մեր թեստավորումների ընթացքում։ Նաև ներդնում ենք նոր խրախուսումներ, որոնց շնորհիվ հետազոտողները կկարողանան ավելի շատ վաստակել խոցելիությունների մասին ավելի որակյալ զեկույցների համար։
Անվտանգության անկախ հետազոտողները կարևոր դեր ունեն ամբողջ ոլորտում տեխնոլոգիաների պաշտպանության գործում։ OpenAI-ում խոցելիությունների պատասխանատու բացահայտման խրախուսումը մեր անվտանգության մոտեցման առանցքային մասն է։ Այն լրացնում է Defense Factory նախաձեռնության շրջանակում մեր աշխատանքը, որի ընթացքում մեր ինժեներներն օգտագործում են մեր մոդելները՝ թույլ կողմերը հայտնաբերելու, դրանք վերարտադրելու և շտկումները փորձարկելու համար։
Այսօրվա փոփոխությունները նպատակ ունեն խրախուսելու հետազոտողներին, ընդլայնելու նրանց հնարավորությունները և շարունակելու ձևավորել համագործակցային անվտանգության միջավայր, որի կենտրոնում համայնքն է։
Միջին, բարձր և կրիտիկական վտանգավորության խոցելիությունների համար պարգևատրումների միջակայքերի միջնակետերը բարձրացնում ենք միջինում ավելի քան չորս անգամ։ Այնպիսի հիմնական արտադրանքում, ինչպիսիք են ChatGPT‑ը, Codex-ը կամ API Platform-ը, կրիտիկական խոցելիության բացահայտումն այժմ կպարգևատրվի մինչև $30,000-ով։ Այդ արտադրանքներում բացառիկ կրիտիկական խոցելիությունների բացահայտման համար պարգևատրումը նախկինի պես կարող է հասնել $100,000-ի, իսկ այժմ՝ հավելավճարներով մինչև $172,000-ի։ Բոլոր մանրամասները հասանելի են անվտանգության խոցելիությունների բացահայտման մեր պարգևատրումների ծրագրում(բացվում է նոր պատուհանում)։
Բարձրորակ զեկույցների դեպքում բազային պարգևատրման նկատմամբ կարող է կիրառվել հավելավճարի բազմապատկիչ։ Խոցելիության շահագործման հուսալի ցուցադրությունը, որը հստակ առանձնացնում է սխալը, ցույց է տալիս դրա շահագործման պայմաններն ու ազդեցությունը, օգնում է մեզ ավելի արագ ձեռնամուխ լինել շտկմանը։ Որակի բազմապատկիչը գնահատում է այն լրացուցիչ աշխատանքը, որը բացահայտումը դարձնում է հատկապես օգտակար։
Երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու և անվտանգության մեր համայնքի հնարավորությունները շարունակաբար ընդլայնելու համար ներդնում ենք հավատարմության բազմամակարդակ հավելավճարների ծրագիր։ Այս հնգամակարդակ համակարգն առաջարկում է աճող հավելավճարներ՝ գնահատելու, աջակցելու և մեծարելու այն հետազոտողներին, որոնք հետևողականորեն համագործակցում են մեզ հետ՝ ԱԲ տեխնոլոգիան բոլորի համար ավելի անվտանգ դարձնելու նպատակով։
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց համայնքի ներգրավվածությունը խթանելու համար առաջնահերթ արշավների շրջանակում նոր գործառույթների համար կհատկացվեն հավելավճարների առանձին ֆոնդեր։ Այս կարճաժամկետ արշավները հետազոտողներին հնարավորություն են տալիս վաղ փուլում փորձարկելու նոր մշակումները, ստանալու բարձր պարգևատրումներ և գնահատվելու իրենց վաղ ներդրման համար։
Խոցելիության օրինակ | Նախկին պարգևատրման օրինակ | Նոր վճարման հաշվարկի օրինակ | Նոր պարգևատրում |
Միջին — ChatGPT (հիմնական ռեսուրս). միայն կարդալու իրավունք ունեցող անդամը կարող է նախագծում ֆայլեր վերբեռնել՝ առանց գրելու թույլտվության։ | $750 | $2,000 × 1.15 որակի հավելավճար × 1.05 հավատարմության բրոնզե մակարդակի հավելավճար | $2,415 |
Բարձր — Prism (ոչ հիմնական ռեսուրս). IDOR խոցելիություն, որը թույլ է տալիս կարդալ օգտատիրոջ նախագծում վերբեռնված ֆայլը | $1,000 | $2,500 × 1.15 որակի հավելավճար × 1.10 հավատարմության ոսկե մակարդակի հավելավճար | $3,162.50 |
Կրիտիկական — ChatGPT (հիմնական ռեսուրս). հաշվի զավթում՝ առանց օգտատիրոջ կողմից որևէ սեղմման։ | $6,500 | $30,000 × 1.15 որակի հավելավճար × 1.30 առաջնահերթ արշավի հավելավճար × 1.15 հավատարմության 31337 մակարդակի հավելավճար | $51,577 |
Բացառիկ — ChatGPT (հիմնական ռեսուրս). անվտանգության սահմանի լուրջ խախտում (օրինակ՝ ChatGPT‑ի ցանկացած օգտատիրոջ զրույցի հաղորդագրությունները դիտելու հնարավորություն)։ | $100,000 | $100,000 × 1.15 որակ × 1.30 առաջնահերթ արշավ × 1.15 հավատարմության 31337 մակարդակ | $171,925 |
Բոլոր սցենարներն ու նախկին պարգևատրումները ներկայացված են որպես օրինակ։
Եթե արդեն զեկույց եք ներկայացրել, բայց մենք դեռ պարգևատրում չենք նշանակել, կկիրառենք պարգևատրումների նոր միջակայքերը։ Այս հայտարարությանը նախորդող 30 օրվա ընթացքում մեր նշանակած պարգևատրումների դեպքում կվճարենք տարբերությունը, եթե նոր միջակայքերով ձեր բացահայտման համար ավելի բարձր գումար նախատեսվեր (բազային պարգևատրում + հավատարմության պարգևատրումներ)։
Նոյեմբերի 20–21-ին մեր անվտանգության թիմը կլինի Օքլենդում՝ PROMPT2PWN(բացվում է նոր պատուհանում) միջոցառմանը, որտեղ հետազոտողները կարող են տեղում փորձարկել թիրախային համակարգերը։ Եթե մասնակցելու եք, սիրով կլսենք, թե ինչի վրա եք աշխատում և ինչպես կարող ենք համագործակցել ձեզ հետ։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ժամանակ են տրամադրել հնարավոր խոցելիության նշաններն ուսումնասիրելու և մեզ տեղեկացնելու համար։ Ուզում ենք, որ OpenAI-ը լինի այն թիմը, որին կրկին դիմում եք, երբ գտնում եք մեր ուշադրությունից վրիպած որևէ բան։


